Ճարտարապետ Նորման Ֆոսթերը (Norman Foster) հանրությանն է ներկայացրել Նյու Յորքի «Կենտրոնական կայարանի» (Grand Central Terminal) վերակառուցման նախագիծը, որը ենթադրում է ընդլայնել կայարանի հանրային տարածքները և մուտքերը, նրանց կողքին ստեղծել լայն զբոսուղիներ, իսկ Վանդերբիլթ Ավենյու (Vanderbilt Avenue) փողոցն ընդհանուր առմամբ ազատել երթևեկությունից:
Նյու Յորքի հանրահայտ «Կենտրոնական կայարանը», որը գտնվում է Փարք Ավենյու (Park Avenue) և 42-րդ փողոցների խաչմերուկում 2013 թ-ի փետրվարին կտոնի իր կառուցման 100-ամյա տարեդարձը: Ինչպես նշվում է «Ֆոսթեր+Փարթներս» (Foster+Partners) ճարտարապետական բյուրոյի կայքում, այդ կապակցությամբ Նյու Յորքի Քաղաքային արվեստի խորհուրդը (Municipal Art Society of New York) առաջարկել էր ճարտարապետներին կայարանի վերակառուցման և շրջակա միջավայրի բարելավման նախագիծ մշակել: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նյու Յորքի Քաղաքային Արվեստի Խորհուրդի կոչը կարևոր նախաձեռնություն է, որը կօգնի ձևավորել քաղաքի ապագա տեսքը: Հասարակական կյանքի որակը ուղղակի ազդեցություն ունի քաղաքացիներ ամենօրյա կյանքի վրա:
«Կենտրոնական կայարանը» համարվում էր Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, սակայն հետզհետե կայարանը դարձավ սեփական հանրաճանաչության զոհը: Այսօր կայարանի շենքը, որը նախատեսված է սպասարկելու 75 հազար ուղևորի, ծանրաբեռնված օրերին սպասարկում է ավելի քան 1 մլն ուղևորի: Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, կայարանի գերծանրաբեռնվածության պատճառով գոյություն ունեցող հանգույցներն ու ճանապարհները չեն բավարարում այսօրվա պահանջներին: Բացի այդ մոտակա փողոցները հագեցած են տրանսպորտային միջոցներով, իսկ քայլուղիները բավարար չեն հետիոտների համար:
Ֆոսթերի ճարտարապետական բյուրոն առաջարկում է կայարանի ներսում ստեղծել լայնարձակ նախասրահ նոր մուտքերով, իսկ արտաքին փողոցները բաժանել տրանսպորտային փողոցների և քայլուղիների: Բացի այդ առաջարկվում է Վանդերբիլթ Ավենյուն ամբողջովին դարձնել քայլելու համար, այնտեղ տնկել ծառեր, տեղադրել արձանիկներ և փողոցային սրճարաններ բացել: Բացի այդ ենթադրվում է մեծացնել 42-րդ փողոցում գտնվող կայարանի մուտքը, իսկ Լեքսինհթոն Ավենյու (Lexington Avenue) փողոցի արևելյան հատվածում ծառեր տնկել և լայն զբոսուղիներ կառուցել: Ավելի հագեցած մակարդակներում նախատեսվում է ընդլայնել հանրային տարածքները, որպեսզի հնարավոր լինի ավելացնել ուղևորահոսքերը:
Նյու Յորքի «Կենտրոնական կայարանը» քաղաքի ամենահայտնի և հնագույն կայարանն է, որը կառուցվել է 1871 թ-ին: Կայարանը գտնվում է Մանհեթթենի կենտրոնում, 42-րդ և Փարք Ավենյու փողոցների խաչմերուկում, իսկ նրա հարևանությամբ գտնվում են մետրոյի 3 կայարաններ:
Source: http://www.construction.am