Find the most beautiful apartments

Visit www.myrealty.am

Know how to design your apartment

Visit www.myrealty.am

среда, 7 ноября 2012 г.

Ֆոսթերը Ներկայացրել է Նյու Յորքի Կենտրոնական Կայարանի Վերակառուցման Նախագիծը


Ճարտարապետ Նորման Ֆոսթերը (Norman Foster) հանրությանն է ներկայացրել Նյու Յորքի «Կենտրոնական կայարանի» (Grand Central Terminal) վերակառուցման նախագիծը, որը ենթադրում է ընդլայնել կայարանի հանրային տարածքները և մուտքերը, նրանց կողքին ստեղծել լայն զբոսուղիներ, իսկ Վանդերբիլթ Ավենյու (Vanderbilt Avenue) փողոցն ընդհանուր առմամբ ազատել երթևեկությունից: 

Նյու Յորքի հանրահայտ «Կենտրոնական կայարանը», որը գտնվում է Փարք Ավենյու (Park Avenue) և 42-րդ փողոցների խաչմերուկում 2013 թ-ի փետրվարին կտոնի իր կառուցման 100-ամյա տարեդարձը: Ինչպես նշվում է «Ֆոսթեր+Փարթներս» (Foster+Partners) ճարտարապետական բյուրոյի կայքում, այդ կապակցությամբ Նյու Յորքի Քաղաքային արվեստի խորհուրդը (Municipal Art Society of New York) առաջարկել էր ճարտարապետներին կայարանի վերակառուցման և շրջակա միջավայրի բարելավման նախագիծ մշակել: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նյու Յորքի Քաղաքային Արվեստի Խորհուրդի կոչը կարևոր նախաձեռնություն է, որը կօգնի ձևավորել քաղաքի ապագա տեսքը: Հասարակական կյանքի որակը ուղղակի ազդեցություն ունի քաղաքացիներ ամենօրյա կյանքի վրա: 

«Կենտրոնական կայարանը» համարվում էր Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, սակայն հետզհետե կայարանը դարձավ սեփական հանրաճանաչության զոհը: Այսօր կայարանի շենքը, որը նախատեսված է սպասարկելու 75 հազար ուղևորի, ծանրաբեռնված օրերին սպասարկում է ավելի քան 1 մլն ուղևորի: Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, կայարանի գերծանրաբեռնվածության պատճառով գոյություն ունեցող հանգույցներն ու ճանապարհները չեն բավարարում այսօրվա պահանջներին: Բացի այդ մոտակա փողոցները հագեցած են տրանսպորտային միջոցներով, իսկ քայլուղիները բավարար չեն հետիոտների համար: 

Ֆոսթերի ճարտարապետական բյուրոն առաջարկում է կայարանի ներսում ստեղծել լայնարձակ նախասրահ նոր մուտքերով, իսկ արտաքին փողոցները բաժանել տրանսպորտային փողոցների և քայլուղիների: Բացի այդ առաջարկվում է Վանդերբիլթ Ավենյուն ամբողջովին դարձնել քայլելու համար, այնտեղ տնկել ծառեր, տեղադրել արձանիկներ և փողոցային սրճարաններ բացել: Բացի այդ ենթադրվում է մեծացնել 42-րդ փողոցում գտնվող կայարանի մուտքը, իսկ Լեքսինհթոն Ավենյու (Lexington Avenue) փողոցի արևելյան հատվածում ծառեր տնկել և լայն զբոսուղիներ կառուցել: Ավելի հագեցած մակարդակներում նախատեսվում է ընդլայնել հանրային տարածքները, որպեսզի հնարավոր լինի ավելացնել ուղևորահոսքերը: 

Նյու Յորքի «Կենտրոնական կայարանը» քաղաքի ամենահայտնի և հնագույն կայարանն է, որը կառուցվել է 1871 թ-ին: Կայարանը գտնվում է Մանհեթթենի կենտրոնում, 42-րդ և Փարք Ավենյու փողոցների խաչմերուկում, իսկ նրա հարևանությամբ գտնվում են մետրոյի 3 կայարաններ: 

четверг, 1 ноября 2012 г.

Չինաստանում Կկառուցվի Էկոլոգիապես Մաքուր Քաղաք

Առաջին հայացքից Չինաստանը թվում է չափազանց խիտ բնակեցված երկիր՝ աղտոտված մթնոլորտով: Սակայն վերջերս ներկայացված բազմաթիվ նախագծերը գալիս են հետզհետե փոխելու ձևավորված կարծիքը: Վերջերս Չիկագոյում գտնվող ճանաչված «Էդրիան Սմիթ + Գորդոն Ջիլլ Արքիթեքըչր» (Adrian Smith + Gordon Gill Architecture) ճարտարապետական ընկերությունը ներկայացրել է նոր ինքնավար «Չենդու Թիանֆու Գրեյթ Սիթի» (Chengdu Tianfu District Great City) արբանյակ-քաղաքի նախագիծը, որտեղ լուծված են ծանրաբեռնված ենթակառուցվածքների և մթնոլորտի ախտոտվածության խնդիրները, որոնք բնորոշ են Չինաստանի մեգապոլիսներին: 

Ըստ նախնական տվյալների՝ «Գրեյթ Սիթին» կկառուցի Պեկինի Beijing Vantone Real Estate կառուցապատող ընկերությունը: Շինարարության ավարտից հետո, որը կտևի 8 տարի, քաղաքում կբնակվեն մոտ 30 հազար ընտանիքներ, իսկ ընդհանուր բնակչությունը կկազմի 80 հազար: Նոր ժամանակակից քաղաքը կկարողանա խուսափել ինչպես էներգիայի անխնա օգտագործումից, այնպես էլ մեծ քանակությամբ ածխաթթու գազի արտանետումից: 

Ճարտարապետների ներկայացրած նոր ժամանակակից քաղաքի հիմնական գաղափարը մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակի կրճատումն է: Այս նպատակի համար էլ քաղաքը կկառուցվի շրջանային տարանցիկ հանգույցի շուրջը, ինչն էլ հնարավորություն կտա ամբողջապես բացառել անձնական ավտոմեքենաների օգտագործումը: Քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով հասնելու համար բնակիչներից կպահանջվի ընդամենը 15 րոպե: Բացի մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակի կրճատումից, քաղաքը կլինի էկոլոգիապես մաքուր: Բանն այն է, որ նոր տեխնոլոգիաների արագ զարգացումը հնարավորություն է տալիս այսօր կառուցել «կանաչ» շենքեր, թաղամասեր, համայնքներ, անգամ քաղաքներ: «Գրեյթ Սիթի» նախագծի հեղինակների հավաստիացմամբ այս ժամանակակից քաղաքը կօգտագործի 48 տոկոս ավելի քիչ էներգիա, 58 տոկոս ավելի քիչ ջուր, կարտադրի 60 տոկոս ավելի քիչ ածխաթթու գազ և 89 տոկոսով ավելի քիչ աղբ, քան նույնչափ բնակչություն ունեցող ավանդական քաղաքները: 

Բայց ճարտարապետները հասկանում են, որ իսկապես «կանաչ» քաղաք կառուցելը չի ենթադրում միայն էկոլոգիապես մաքուր շինանյութի օգտագործում, արևային վահանակների տեղադրում, այլ նաև ճիշտ նախագծում: 1.3 մլն քառակուսի մետր մակերեսով կառուցապատվող տարածքը շրջապատված կլինի 2 մլն քառակուսի մետր մակերեսով բուֆերային գոտով, որը բաղկացած կլինի բլուրներից, հովիտներից, արհեստական լճերից: Քաղաքի ընդհանուր մակերեսի 15 տոկոսը կհատկացվի այգիներին և կանաչ գոտիներին, 60 տոկոսը կկառուցապատվի, իսկ մնացած 25 տոկոսը կկազմեն ենթակառուցվածքները, ճանապարհները և քայլուղիները: 

Ծրագրի հեղինակների կարծիքով, այս նախագիծը ժամանակակից քաղաքի փայլուն տարբերակ է, որը գալիս է ապացուցելու, որ նմանատիպ քաղաքներ կարող են կառուցվել առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու: Սա իդեալական վայր է ապրելու, աշխատելու և երեխաներ մեծացնելու համար: